Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ խնդիրների պակաս չկա, տագնապների ու վախերի՝ նույնպես։ Միայն թե այդ խնդիրները, տագնապներն ու վախն ամեն մեկի մոտ տարբեր են։ Չանդրադառնամ քաղաքական վերնախավի բոլորիս հայտնի տագնապներին և վախերին. ներսի հնազանդ և կանխատեսելի ժողովրդից չէ նրանց սրտի թպրտոցը. աղքատության մամլիչի տակ հարթեցված ժողովրդի ատամները վաղուց են հաշվել, անհիմն և անամոթ թանկացումների դեմ ընդվզող ժողովրդի դեմ թափահարվող մահակն էլ կա ու կա. պատերազմի վտանգը, «Մայդանի» հայաստանյան կրկնության սոսկալի հետևանքները հիշեցնելը՝ նույնպես։ Իսկ որ Հայաստանում սպիտակ եղեռն է, ևս մի քանի տարվա համբերություն մեր թշնամիներին, ու երկրորդ անգամ կիրականանա բարբարոսական «Հայաստանն առանց հայերի» միտքը, դա նրանց կարծես չի վախեցնում, տագնապ ծնում։ Նրանց տագնապը Սևանի ջրերի բարձրացումն է, դրսի դրամաշնորհների երաշտը, արտաքին աշխարհից փայլատակող կայծակներն ու կարկուտը (փոխաբերական իմաստով)։
Կարևորելով մշակույթի դերը յուրաքանչյուր ազգի կյանքում, ավելին, քանի որ մշակույթն է ցանկացած ազգի ուրույն դիմագիծը, հարատևման բանալին, այցեքարտը, հպարտությունը, հիմքը, ամեն ինչը, ես տագնապ եմ ապրում, անփարատելի վախ ունեմ մեր մշակույթի վաղվա օրվա հանդեպ, և, ցավոք, ոչ անհիմն. որքա՞ն կարող են ամեն բնագավառից մի քանի հին, պինդ ոսկորներ, մի քանի խենթ-անձնազոհ նվիրյալներ հոգևոր դոնոր լինել օր օրի մարող մեր մշակույթին։
Չափազանցո՞ւմ եմ։ Ցավոք՝ ոչ։
Դրվագ առ դրվագ անդրադառնամ հատկապես վերջին մեկուկես ամսում Հանրային ռադիոյով հնչած մշակութային գործիչների հարցազրույցների ընթացքում բարձրացրած խնդիրներին, նաև մշակութային լուրերի հաղորդած թերություններին՝ երբեմն՝ զայրացնող, երբեմն՝ զավեշտալի, երբեմն՝ անհեթեթ։
Գրականությունից սկսենք. հոբելյանաշատ տարի էր անցյալ տարին, այս տարին նույնպես։ Անցյալ տարի լրացավ Համո Սահյանի 100-ամյակը։ Մշակույթի նախարարությունը բավարարվեց հոբելյանական երեկոյով և ուշացումներով հրատարակվող երկերի քառահատոր ժողովածուով, որի չորրորդ հատորը չգիտեմ լույս տեսավ, թե ոչ։ Այսքանը։ Այդ իմաստով կեցցե Հանրային ռադիոն. ողջ տարին հնչեցրեց բանաստեղծի ձայնը և պոեզիան։
Դեկտեմբերի 8-ին լրացավ մեր մյուս հրաշալի, քնարական բանաստեղծի՝ Հրաչյա Հովհաննիսյանի 95-ամյակը։ Դարձյալ կեցցե Հանրային ռադիոն. ողջ օրը հնչեցրեց բանաստեղծի ձայնը, պոեզիան, որդու՝ Դավիթ Հովհաննեսի երկմասանոց հարցազրույցը հնչեց՝ նվիրված հորը։ Այսքանը։ Գրական մամուլը լուռ էր, մշակույթի նախարարությունը՝ անգիտակ, բացակա։ Այս տարի Սերո Խանզադյանի 100-ամյակն է, և արդեն պատկերացնում եմ՝ ինչ «շռնդալից» լռություն կլինի, ինչպես շատ շատերի դեպքում եղավ։
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր Վաչագան Սարգսյանի նախաձեռնությամբ, խմբագրմամբ և մի խումբ նվիրյալներիս ջանքերով հավաքվեց, ամբողջացավ հայ գրական միտքը՝ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ «Հայկական ասույթների հանրագիտարանը», իր տեսակի մեջ եզակի մի գիրք, որն ազգային հպարտության փայլուն օրինակ կլիներ։ Ավելի քան մեկ տասնամյակ է` չի հրատարակվում այն՝ ֆինանսների բացակայության պատճառով, իսկ մշակույթի նախարարությունը որքան հսկայական գումարներ է ծախսում խոտան, սխալներով, կասկածելի, իրենցից արժեք չներկայացնող գրքեր հրատարակելով։
Հայաստանում ապրող բելառուսական համայնքն օպերայի դահլիճում միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր Բելառուսի մշակույթի նախարարը։ Մեր երկրից ներկա էր... մշակույթի փոխնախարարը։ Պարզվում է, Մինսկից օպերային թատրոն հասնելն ավելի դյուրին է, քան... Երևանից։ Առավել ևս, որ տիկին նախարարը ռուսական կրթություն ունի, և փոխնախարարի ակցենտով ելույթի փոխարեն ինքը փայլուն ելույթ կունենար։
Հիմա թատրոնի մասին, որը, ճարտարապետական հուշարձանների անխնա և անամոթ ոչնչացումների հետ, մեր արդի մշակույթի տարազի ամենաճչան և խայտառակ կարկատանն է կազմում։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մեկ ամիս առաջ հայտարարեց. «Ես արդեն հոգնել եմ. որքա՞ն կարելի է հին դեկորացիաները հարմարեցնելով նոր բեմադրություններ անել»։ Ապա խոսեց մարզային թատրոնների խայտառակ վիճակից, թատրոնի մասին օրենք չլինելուց, որքա՜ն պայքարեց երջանկահիշատակ Լևոն Անանյանը՝ ստեղծագործական միությունների հարցն ԱԺ-ում քննարկելու, օրենքի ուժ տալու համար. ապարդյուն։ Դա էլ պատգամավորների աշխատավարձը եռապատկելու հարց հո չէր, որ հաշված օրերի ընթացքում որոշեն, քննարկեն և կայծակնային արագությամբ ընդունեն։ Պատանի հանդիսատեսի թատրոնի վիճակից բողոքեց, որ վաղուց պետպատվեր չի ստացել, դպրոցներում տոմսեր վաճառելն արգելելով նախարարությունը թատրոնին տարեկան մոտ 10 միլիոն դրամի վնաս է տվել, դեռահասներին էլ զրկել հոգևոր սննդից։
Դերասանները դարձել են վազքի չեմպիոն՝ մի նկարահանումից մյուսը վազելով, որպեսզի հավելյալ գումար վաստակելով դիմակայեն վայրի գնաճին, կենցաղային դժվարություններին։
Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը շենք չունի, Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի ձայնը կտրվեց թատրոնի համար շենք խնդրել-պահանջելուց, ցավով վկայակոչելով, որ Վրաստանի մնջախաղի թատրոնը Թբիլիսիում մեկի փոխարեն երկուսն ունի։
Իսկ անցյալ տարի տիկին նախարարն ամենայն անպատասխանատվությամբ հայտարարեց, թե «Մեր դերասանները երբեք այսքան շահեկան վիճակում չեն եղել»։ Նաև, պարզվում է, ըստ տիկին նախարարի, «թատրոնի շենքն ինչ կարևոր է, երբ թատերախումբը հաջողությամբ շարունակում է բեմադրություններ անել»։ Ա՜յ քեզ մեկնաբանություն։
Իսկ ո՞րն է դերասանի շահեկան վիճակը։ Ա՞յն, որ Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասանը (Ա. Մ.) ներկայացման տոմսեր էր բերել վաճառելու այն գործարանի տնօրենին, որտեղ ես էի աշխատում (տեղյակ եմ, քանի որ, ղեկավարությունից բացի, արտադրամասերի աշխատակիցներից միայն ինձ երկու տոմս տվեցին)։
Ո՜Ւր եք, խորհրդային տարիների դերասանի հպարտություն և արժանապատվություն...
Մի կարկատան էլ նկարիչների միությունից. «Կերպարվեստ» ամսագրի՝ փողի սղության պատճառով պարբերաբար ոչ թե հրատարակվել, այլ «մեռնել-հառնելը»։
Վերջերս «Գրական թերթում» (թիվ 2, 2015) կարդացի Աննա Պետրոսյանի «Համամարդկային մշակույթի եզակի մի երևույթ՝ կործանման եզրին» ահազանգ-հոդվածը։ Խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը քաղաքի կենտրոնում տարածք էր հատկացրել աշխարհը զարմացրած մանրաքանդակի միակ հանճար Էդուարդ Տեր-Ղազարյանի գործերը պահպանելու, ցուցադրելու համար (խոսքը շարժվող և անշարժ նկարների, քանդակների մասին է, որոնք արված են բրնձի հատիկի, մազի վրա)։ Անկախության տարիներին տարածքը խլեցին ծերունազարդ վարպետի ձեռքից, և իր՝ աշխարհում եզակի գործերի ոչնչացման տագնապն ու վիրավորանքը սրտում մահացավ վարպետը։
Ո՞ր մեկը թվես։ Ակամա կասկած է առաջանում. մենք մշակույթի նախարարություն և նախարար ունե՞նք, թե՞ ոչ։ Մշակույթի նախարարը չի՞ լսում կամ կարդում մշակութային գործիչների բողոքները, բարձրացրած աղմուկը, տագնապի ահազանգերը։ Եթե չի լսում, ինչո՞ւ է նստել այդ աթոռին, եթե լսում և արհամարհում է, ապա ինչո՞ւ են հանդուրժում մշակութային գործիչները։ Միայն իրար մեջ և հարցազրույցներում են բողոքում գրեթե անգործության մատնված նախարարությունից։ Ինչո՞ւ չեն համախմբված բողոքում, թե տոնավաճառների աշխատակիցներին անտեսանելի, կուլիսային համախմբող կար, իրենց՝ ոչ։ (Ականատեսն եմ եղել «Մալաթիա» տոնավաճառի մեկ տասնյակ «բողոքավորների» հռհռոցով, միմյանց կոնֆետ հյուրասիրելով, ամեն ինչից խոսելով, բացի իրենց բուն խնդիրը քննարկելուց՝ ցույցի գնալուն)։
Մեր հայտնի մշակութային գործիչներից մեկը մի օր ասաց, որ նման նախարարը վերևներին ձեռնտու է. ինքը ոլորտից չի հասկանում, նրանց էլ չի անհանգստացնում։
Մշակույթի նախարարը ստեղծագործ միտք պիտի ունենա, եռանդուն կազմակերպչական ջիղ. հո մետրոյի վագոնավար չէ՞, որ դռներ բացելու, դռներ փակելու կոճակ սեղմի միայն։ Մշակույթն այն ոլորտն է, որը ոսկերչի հմտություն է պահանջում, ոսկերչի համբերություն, նուրբ և զգույշ մոտեցում. քլունգով մշակույթ չեն ղեկավարում։ Երկու տարի անընդմեջ սփյուռքի նախարարն է դուդուկի փառատոն, և առհասարակ, մշակութային միջոցառումներ նախատեսում և կազմակերպում։ Մի՞թե սա բարոյական ապտակ չէ մշակույթի նախարարին։ Եթե պարտադիր էր կառավարությունում կին նախարար ունենալը, գոնե տիկին Հակոբյանը լիներ մշակույթի նախարար՝ իր եռանդով, պրպտուն մտքով։
Մոդայիկ ժեստ է անցյալը քննադատելը, բայց լինենք անկեղծ. օպերայի շենքից սկսած՝ Մատենադարան, Բյուրականի աստղադիտարան, բուսաբանական և կենդանաբանական այգիներ, պատերազմի ծանր տարիներին գիտությունների ակադեմիա և երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնում, մետրո և շա՜տ ու շա՜տ մշակութային օջախների հիմնում։ Այս ցանկը շատերը կարող են շարունակել, ստեղծվել են այդ «բռնակալ», «հայատյաց» պետության և ղեկավարների կողմից, սկսած 30-ականների սկզբից մինչև 80-ականներ։ Իսկ ի՞նչ արեցին մերօրյա «հայրենասերները»։ 90-ականներին և դրանից հետո էլ քանի-քանի երևելի մշակութային գործիչներ անժամանակ և դառնացած կյանքից հեռացան։ Սառը վառարանի կողքին վերարկուով կուչ եկած Համո Սահյանը դառը քմծիծաղում էր, թե «Ինչի՞ց ասես մեռնել կպատկերացնեի՝ ավտովթարից, ինֆարկտից, բայց որ ցրտից ու սովից կմեռնեի, դա չէի պատկերացնում»։ Եվ իր վերջին գրքում ցավով առաջարկում էր անկախության պարանով ազգովին կախվել:
Այդ տարիներին հաճախ էր շրջանառվում, թե կոմունիզմը եկավ, գնաց՝ չիմացանք։ Ես չգիտեմ, կոմունիզմը եկավ, անցավ, թե ոչ, բայց որ մեր մշակույթի ոսկեդարը եկավ, անցավ, փաստ է։ Նման կարկատաններն անհարիր են մեր մշակույթի շքեղ մարմնին, և պատկան մարմիններն իրենց անձը զարդարելու փոխարեն արժանապատվություն ցուցաբերելով թող կարգավորեն այս փնթի վիճակը։ Եվ առհասարակ, եթե մշակութային գործերն ու խնդիրները ինքնայրումով և նվիրումով ստեղծագործական միություններն ու անհատները պիտի լուծեն, ապա ինչի՞ համար է այդ նախարարությունը։ Թող փակեն, և այն գումարը, որը ծախսվում է շռայլ աշխատավարձերի, շրջագայությունների, գործուղումների և այլնի վրա, կառավարությունը թող բաժանի ՀԳՄ-ի, ՀՆՄ-ի, ՀԿՄ-ի, ՀԹԳՄ-ի միջև, և վերջապես ընդունի նրանց մասին օրենքը, մշակույթն իր ճամփով հանգիստ և արժանապատվորեն կընթանա։ Մի փոքր ձևափոխելով հայտնի առածը, ավարտենք այս ցավոտ թեման. սխալվելը եթե մեկ ամոթ է, այն ուղղելը երկու պատիվ է, իսկ սխալն անվերջ շարունակելը՝ հազար ամոթ և խայտառակություն։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ
Հ. Գ.- Առանց մեկնաբանության. երբ պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանին հարցրին, թե ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ, պատասխանեց, թե ուզում է մշակութանպաստ օրենքներ առաջադրել և մշակութային խնդիրներ լուծել ԱԺ-ում։ Ո՞Ւր է։